Ճանապարհա֊տրանսպորտային քրաշ

Սպանիչ արևելյան արտաքինով, արծվաքթով, պսպղացող աչքերով աղջիկ էր։ Մոտավորապես իմ հասակին էր․ գնացքը լիքն էր ու մենք համարյա իրար էինք կպած։ Մի երկու անգամ փորձեցի ինձ համոզել, որ կարող ա տասնութ֊տասնյոթ լինի՝ խոսամ հետը, բայց զգացի, որ անհույս ա ու անիմաստ։

Իջնելուց հետ նայեցի՝ ինքն էլ ինձ էր նայում։ Քայլեցի զգալով էն, ինչ մարդիկ սենց տարօրինակ պահերի զգում են՝ քնքշանք լրիվ անծանոթ մեկի նկատմամբ, բայց նաև այլևս անծանոթներ չլինելու զգացողություն։

Advertisements

Le conseguenze dell’amore

Ուրեմն, երկրորդ անգամ էի նայում էս ֆիլմը։ Այն միայնության մասին է։ Ու այս անգամ նայելիս ուշադրություն էի դարձնում, թե ոնց է այդ միայնությունը արտահայտվում կամերայի շաժումներով ու անկյուններով։ POV կադրերը հիմնականում արտահայտում են․

  • Տիտայի հիշողությունները
  • ինքնազգացողությունը
  • մարդկանց չնկատելը
  • մարդկանց սառը հայացքները

Իմ համար էդ ամեն ինչը սպանիչ գեղեցիկ է նկարված։ POV֊ներից բացի սպանիչ են նաև կամերայի շարժումները, սահուն կամ կտրուկ, ու նաև ֆիլմի արագացումները ու դանդաղումները։

Առաջին անգամ նայելուց մտածում էի, որ ֆիլմը սիրո մասին է․ թե ինչպես է չստացված կամ ուշացած սերը հունից հանում մարդու կյանքը։ Բայց հիմա մտածում եմ, որ այն միայնության ու միայնության հետևանքների մասին է։ Ասենք, երբ աղջկան թանկարժեք մեքենա է նվիրում․ կարծես ակնհայտ է, որ սխալ քայլ է, շատ շուտ է դրա համար, աղջիկն էլ նեղվում է, ասում է «դու ուզում ես ինձ առնել էդ մեքենայով»։ Ես չէի հասկանում իր դրդապատճառը, բայց երևի դրդապատճառ էլ չկար, որովհետև միայնության պատճառով մարդը սկսում է չհասկանալ, որ կարող են իրեն սիրել առանց պատճառի։

Ֆիլմի վերջում մեկ էլ հիշեցի էն խոսքերը, որ ասել էր խաղամոլ ծերունուն․ «Առանձնահատուկ մահվան համար քաջություն է պետք»։

Լավ է երբեք քան ուշ

Բաներ կան, որ ուշացած անելը ավելի վատ է, քան չանելը։ Որովհետև մարդուն դու դրանով ապացուցում ես, թե ինչքան անկարևոր է նա քո համար։ Գուցե դու այդպես չես մտածում, բայց նրան այդ ժամանակ այլ հավանական բացատրություն չի մնում։

Ասենք, գնում ես, ինչքան հետաքրքիր ու հավես տղա կա, «կպցնում» ես, հետո, ամենավերջում հիշում ես այն մեկին, որի հետ մտերիմ էիր սկզբում։ Քեզ թվում է, նա քեզ պետք է գրկաբաց ընդունի՞։ Ոչ, ախր դրանով ոչ թե ուրախացնում, այլ ցավ ես պատճառում նրան (կամ առնվազն խոցում ես արժանապատվությունը), քանի որ այդքան ցավալի չի կարող լինել այն, որ նա չկա քո տղաների ցուցակում, քան եթե այնտեղ վերջինն է։

Ավելի լավ է նոր աղերս փորձել գտնել մարդու հետ, քան հնով, ուշացրածով, հիասթափացրածով վերադառնալ՝ իբր ամեն ինչ օկ է։

Ցավի մասին

Ցավը չի կարող լինել դժվարության կամ դժբախտության չափման միավոր, քանի որ այն ռացիոնալ չէ և այն զգալու ուժգնությունը պայմանավորված է ոչ թե պատճառով, այլ համեմատությամբ։